Երեկ, գործից տուն գնալիս, մեր թաղի մատույցներում ակամա ականատես ու ականջալուր եղա մոտ 30-35 տարեկան մի երիտասարդի զրույցին 3-4-ամյա որդու հետ:
Աղբարկղերի մոտով անցնելիս մանչուկն անսպասելիորեն մոտեցավ այնտեղ թրևող շներից մեկին, ու հայրն անմիջապես բարկացավ վրան. «Հեռու մնա՝ շուն ա: Ղարաբաղցուց էլ հեռու մնա՝ ղարաբաղցին էլ ա շուն»: Ապա տեղի ունեցավ իմ ու այդ՝ այքյուակարոտ դեմքով երիտասարդի միջև հետևյալ երկխոսությունը.
-Մի րոպե, եղբայր: Բարև Ձեզ: Ես ղարաբաղցի եմ, ինձ ասելիք ունե՞ք:
-Ոչ:
-Հիմա, ըստ Ձեզ, ես շու՞ն եմ: Կարո՞ղ եք ասել՝ ինչո՞վ եք ինձնից առավել:
-Ես այդպիսի բան չեմ ասել, ես էլ եմ ղարաբաղցի, մենք բոլորս էլ ղարաբաղցի ենք:
-Այդպես եք, հա՞, դաստիարակում Ձեր զավակին…
-Հա՛:
ՈՒ այքյուաբաղձ դեմքից ատելություն է ծորում:
Տեր, խնդրում եմ, ներիր նրան՝ չի հասկանում ինչ է անում: ՈՒ փրկիր զավակի միտքն ու հոգին:
Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հ.Գ.
Գրելս միայն մի նպատակ ունի՝ փաստել խնդիրը և գաղափարակիցներով մտորել այն հաղթահարելու շուրջ: Առաջվա պես այն կարծիքին եմ, որ արցախցիներիս նկատմամբ բարի վերաբերմունքը գերակշռող է: